Ծնվել է Աշտարակի շրջանի Բյուրական գյուղում, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, Երևանի հաշվիչ մեքենաների տեխնիկումում, ապա` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: ՈՒնի գրականագետի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: Աշխատել է` նախ որպես ինժեներ, ապա, 1993թ. –ից մինչ այսօր, աշխատում է Երևանի հ. 141 հիմնական դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Բանաստեղծությունները տպագրվել են.
,,Գարուն,, ամսագիր - 1979թ. ,,Գարուն,, ամսագիր - 1981թ. ,,Տարեգիրք,, - ,,Սովետական գրող, - 1984թ. հրատարակչություն ,,Յոթ անուն,, - ,,Լույսի մատնահետքեր,, - 1986թ. բանաստեղծական ժողովածու ,,Հույսի ծաղիկ,, - ,,Սովետական գրող,, - 1990թ.բանաստեղծական ժողովածու ,,Լուսաբաց,, - ,,Արտագերս,, - 1998թ. հրատարակչություն ,,Նոր Նորքը 40 տարեկան է,, - 2007թ. ,,Զանգակ,, հրատարակչություն ,,Սեր և կարոտ,, - 2008թ. ,,Զանգակ,, հրատարակչություն Ընդգրկվել է Դայանա Տեր - Հովհաննիսյանի թարգմանությամբ կազմված հայ կին բանաստեղծուհիների ստեղծագործությունների ,,Armenian womens Poetry Through the Ages,, ժողովածուում:
Արձակ
Սերմը
Թափառող քամին արդեն վազանցել էր կնոջը, եւ, առաջն ընկած,հատել բանուկ փողոցը` իր հետ տանելով նրա մի ումպ տարածվող օծանելիքի բույրը եւ մոտեցող անծանոթ ոտնաձայները: Առավոտվա կանգառը հրճվում էր հետզհետե ստվարացող մարդկանց խմբերից եւ, ականատեսի լիիրավ ցնծությամբ, հեռակա վայելում սպասվող արտասովոր անակնկալը: Կինը դանդաղորեն մոտենում էր եւ ժամացույցին նայելով` փորձում հարմարվել կանգառի կազնու սաղարթախիտ հովանուն, երբ անծանոթի արծվենի, հետաքրքրասեր ու զարմացական հայացքը հարցականորեն մխրճվեց աչքերի մեջ, ասես սպասում էր մինչ հիմա իր որտեղ լինելու արդարացնող պատասխանին: Անակնկալի եկած կինն ակամա ընկրկեց եվ ինչ-որ բան շշնջաց,որն անհասկանալի ու միաժամանակ շատ պարզ էր: Տղամարդու հիացքն ու համարձակությունը մոտեցել եւ գրեթե թեւանցուկ էին արել անցանոթուհուն, որին շփոթված մայթեզրից արագորեն խլեց մոտեցող առաջին երթուղայինը: Բազմաոլորանները շարունակ ցնցում էին կնոջը, ում հոգում լուռ ծվարել էր մի բուռ զարմանքախառն ու հուզիչ ժպիտ, ու շարունակում էր ապրել: Հաջորդ առավոտյան քամին շարունակում էր նախորդ օրվա սկսած անավարտ գործը եւ, կնոջ ուսաշալը քաշքշելով, աղմկում, թռչկոտում շուրջբոլորը` աշնանային գունագեղ տերեւների եվ կաղնու արդեն հասուն սերմերի ամպը թափահարելով նրա գլխավերեւում: Կինը փորձում էր ազատվել բնության նվիրած շռայլ արդուզարդերից, իսկ արծվենի հայացքը կանգառում դարձյալ անհանգիստ ու հիացիկ հսկում էր նրա անցուդարձը: Ակամա ժպիտներ փոխանակեցին, եվ համարձակությունն այս անգամ հասավ մինչեւ երթուղայինի դուռը եվ այն զգուշորեն փակեց իր ետեւից: Ծիծաղելի էր… Միթե… Ողջ օրը մտածում էր թռչկոտող գունազարդ տերեւների ու կաղնու գնդաձեւ անդրաշխարհիկ թվացող սերմերի մասին: Միշտ զմայլվել էր նրանցով եւ, եթե չամաչեր, այս տարիքում էլ փողոցում կպոկեր եւ երեխայի պես ականջներից կկախեր ասց կլորիկ, փշապատ գայթակղությունները: Միշտ երեխա ենք մնում… մտածեց, ժպտաց, լրջացավ եւ ակամա անցավ սերմ բառի ստուգաբանությանը: Ցավոք մասնագիտությունը երբեմն հիվանդություն է դառնում: Սերմ բառի հիմքում միթե սերը չէ արմատը: Իհարկե սերն է… Հաճարեղ գյուտարարի պես հրճվեց… Բոլոր բույսերը, պտուղներն ու կենդանիները, անգամ կատարյալ կարծեցվող մարդն իր կյանքից առավել կարող է սիրել միայն իր զավակին` սերմին, եւ այդ սերն է,որ շարունակելու է իր տեսակի գոյությունը եւ միայն` իր սերմով: Իսկ մ-ն` պարզից էլ պարզ է,նշանակում է միություն, առանց որի սերերը սերմեր չեն դառնա եվ չեն գոյավորվի: Աստված սերերի սերմերը բազմատեսակ ու խայտաբղետ ծրարներով փակել ու նետել է քամու թեւերին: Ում կհասնի, որը, ինչպես կբացվեն նարոտի բազմաճյուղ թելերը եվ ում ձեռքերում, կորոշի ինքը… Քամին էլ երբեք պատահական չի հայտնվում: Այն տիրոջ մաքրող շունչն է երկրի վրա, որ հընթացս տարածում է նաեւ մեր սերերը` սերմերի տեսքով` մայթից մայթ,փողոցից փողոց, երկրից երկիր ու երկինք… Կանգառը եվս մի քանի օր էլ գաղտագողի հետեւում, հրճվում, տխրում ու ուրախանում է իր ուսերի վրա անհանգիստ վերուվարող այս զույգին, մինչ տղամարդը փոխեց իր կայանատեղին`անիրական երազներից հոգնելով: Կնոջ ըմբռնող թախծոտ ու զուսպ ճանապարհեց նրան, ով անտեղի փորձում էր ուղղել շփոթմունքից ու այրական վիրավորանքից սխալ ամրացրած փրկագոտին: Մեր բարեկամ քամին շարունակում է մնալ բոլոր մեկնարկների եւ ավարտների ասպարեզներում ու մաքրել երկրի երեսի կեղտն ու փոշին, սրբել, զովացնել մարդկանց այրվող ու անկատար հոգիները, հայտնվել պատեհ ու անպատեհ ժամանակ ու միջավայրերում` ամեն օր եւ ամենուր… Իսկ բույրերը,սերմերն ու ոտնաձայները միշտ թռչկոտելու են քամու թեւերով` փողոցից փողոց, մայթից մայթ, երկրից երկիր ու երկինք եւ անկասկած հասնելու` մի կանգառ ներքեւ թաքնված թվացող կայանատեղի…
Տխրությունս`
Անտեր որբուկի պես,կախկխվել էր հաուստիս փեշերից եւ ողջ օրը մնաց անդավաճան ուղեկիցս: Զգուշորեն հավաքեցի նրա ծվեն-պատառիկները, զգեստավորեցի նրբագույն գիշերաշապիկներով, ամեն պահի համար անուններ հորինեցի: Երեկոյան, տիեզերածավալ իմ անկողնում հատ-հատ տեղավորեցի նրանց ու հիմա պառկած են կողքիս: Երբ քունը հրաժարվում է հիշել գոյությանս մասին, մեկիկ-մեկիկ ձայնում եմ նրանց… Պատահում է, հաճախ, որ փոքրիկ խանդոտիկներից մի քանիսն են միաժամանակ ցատկոտում կրծքիս, եւ իրար փարված`զրուցում ենք ողջ գիշեր: Առավոտյան, նեղլիկ մահճակալս լուռ ծրարվում է պատի տակ, լույսերի մեջ, որպեսզի երեկոյան կրկին ծավալվի եվ միասին հինենք իրերի ու երեւույթների ընդարձակման առեղծվածի անվերջանալի հեքիաթը…
Կյանքը
Երկուշաբթին կարծում էր,թե միշտ առաջինը լինելը կարեւոր է,ուստի շուտափույթ սկսեց շաբաթը եւ, քանի որ չքնաղ,զարմանատեսիլ երազներ էր տեսել, որոշեց իրականացնել դրանք. հաջորդ բոլոր օրերն իսկույն երազների իրականացման հրահանգներ ստացան: Շաբաթվա նախագիծը պատրաստ էր… Երեքշաբթին ամենամոտն էր, եւ նա անհամբեր հետեւում էր, թե օրը որքան է կարողանալու ավարտին հասցնել սպասված գործերը, բայց երեկոյան զգաց, որ աննախադեպ շատ հանգամանքներ հաշվի չի առել, եւ փաստացի անհնարին է իր ցանկության իրականացումը: Ուշացումներն ու բացթողումներն ակամա մնացին հաջորդ օրվան: Չորեքշաբթին նախօրոք գիտեր իր անելիքները եւ ոչ մի կերպ չէր համաձայնում ուրիշի թերացումները լրացնել, բայց առանց այդ ամենի առաջ չէր գնա: Դժկամությամբ իր գործերի արանքում խցկեց նախորդների մնացորդները, նեղվեց, տրտնջաց լարվեց ու մինչ երեկո, բեռնաձիու իր աշխատանքից հոգնած, արդեն մոռացած իր հիմնական անելիքները, մի կերպ փակեց աչքերը: Հինգշաբթին կիսում էր շաբաթը եւ խիստ զայրացած էր երկուշաբթիի անհիմն խանդավառության վրա: Չէր կարելի մի քիչ պակաս երազանքներ ցրել օրերով մեկ,որ յուրաքանչյուրը հասցներ իր անելիքը: Գոռգռաց, որոտաց, ջոկջկեց-ընտրեց կարեւորագույն գործերը, փորձեց մի կերմ գլուխ բերել: Հպարտությունը չէր հանդուրժում ինչ-որ հարց թողնել հաջորդին, եւ մինչ կեսգիշեր ձգվող գլխացավը մի կերպ նրա հոգնաց ոտքերը քարշ տվեց անկողին: Ուրբաթը քիչ հեռվից դիտում էր այդ ողջ խառնաշփոթ-իրարանցումը: Մասամբ կողմ էր երկուշաբթիի ծրագրերին, մասամբ` դեմ: Ինչպես կարող էր երկուշաբթին որոշե ուրբաթի անելիքները, այն էլ անպայման նախորդներից մի-մի բան մնացաց ու ավելացաց իր գործերին: Որոշեց անտարբեր լինել եւ անել հնարավորինը, նայց երեկոյան հուսախաբ նկատեց, որ նախատեսված իր հիմանական գործերից գրեթե ոչինչ չէր սկսել… Շաբաթը ծանրումեծ նստել էր նախավերջում,ասես ստուգում ու վերահսկում էր բոլոր նախորդ օրերին եւ,ոտքի կանգնելով,ըմբոստ պահանջեց`իրեն ազատել որեւէ պարտականությունից,քանի որ չի էլ հասցնի լրացնել նախորդների բացթողումները` չհաշված պարտադիր մոմավառությունը,որն իրենից բացի ոչ ոք չէր անում: Կիրակին հանգստյան օրն էր… Բայց հենց աչքերը բացեց,իսկույն նկատեց բոլոր օրերի բոլոր թերացումները եւ փորձեց լրացնել… մինև ուղն ու ծուծը հոգնեց խեղճ հանգստյան օրը, բայց ինչ աներ. իր հաջորդը երկուշաբթին էր` առաջ նետվող, մեծամիտ, երևակայող, հավակնոտ ու երազանքներով լի… Եվ կիրակին որոշեց իր սուղ ժամանակից հատուկ մի ժամ էլ տրամադրել աղոթքի, շնորհակալության, գոհության և դարձյալ մոմավառության համար,որ թեկուզ խենթ, անհնազանդ, ու անհեռատես, բայց մշտապես սպասվող երկուշաբթիները շարունակվեն, և երբ խոնարհած գլուխը աղոթքից բարձրացրեց, արցունքներից մշուշված աչքերը փորձեցին գտնել մշտապես ընթացողբ և չծերացող գեղեցիկ ժամացույց, և վախվորած նկատեց, որ երկուշաբթին արդեն եկել է…
Մենք սոցիալական ցանցերում
Գովազդ
Բանաստեղծություններ
Սերը
Սերը ուշագնաց թրթռում էր գրչածայրին եւ փորձում հայտվել Թղթի ճերմակալույս սրտին: Մեծատառ է ինքը, ողորկ, միակը, միածին, Թե` փոքրատառ, սովոր ու տարանցիկ… Տարատեսակ պնակներում բուրում էին Խայտաբղետ խորտիկներ, Ու Բաքոսի այլազան սափորիկները` Խնկարկում արբեցում ու թախիծ: Անուշաբույր ծավալվում էր օդում, Ու դողդոջուն ռունգերը Շարունակում էին փնտրել, հստակացնել Զգլխիչ ու շփոթցնող տարածքներ: Ինքը` սերը` ամենայնը, Գաղտնի ու բացահայտ, Պատեհ ու անտեղի Բողբոջում էր ժամանակի ծեր զարկերակում Ու տակնուվրա անում անհիշելի Առեղծվածային հուշերը: Համադամասերը համտեսել էր փորձում Փոխադարձ լրացումներ, Սակայն ափերի դատարկությունը Լոկ բուռ-բուռ պատրանքներ էին նետում Դեպ երկինք: Իսկ գրչածայրը… Շարունակվում էր մոլորվել տառերի Գեղազարդ ու ծաղկանկար Դարձդարձումների արանքում Եւ անվերջորեն կրկնվել:..