Բանաստեղծություններ
Երբեք մի' ասա` «երբեք»
Երբեք վերամաբարձ մի' ասա «երբեք» Եվ մի' ժխտիր այն, որ նույն «երբեքը» Մի գեղեցիկ օր անմեղ, աննկատ Կարող է կոտրել քո կամքի ղեկը... Երբեք շատ վստահ, հստակ, վերևից Մի' ասա «երբեք»: Ինքդ էլ չգիտես` կյանքիդ ընթացքը Իր մութ, անհատակ, հսկա օվկիանում Քեզ կխնայի, թե նենգ խութերին Կբախի մեկ-մեկ: Այնպես որ փորձիր չպնդել երբեք, Որ ուժեղ ես դու, սկզբունքային, Որ ինչ էլ լինի, քեզ համար չէ այն, Ինչ բնորոշ է խղճուկ, նողկալի, Ցածր խավերին: Շրջապտույտը կարող է երբեմն Այնպես ոլորել, Այնպես շղթայել կամք, հոգի ու միտք, Որ ժամանակ անց ինքդ էլ կզղջաս Ասածիդ համար և կհասկանաս, Որ ունայն է այն, ինչը չունի հիմք: Դու ինձ կփնտրես Դու ինձ կփնտրես ամեն ծաղկի մեջ, որպես մի մեղու թափառաշրջիկ, Երբ ես չեմ լինի, երբ չես լինի դու: Երբ ունայնության քամիները սև Մեր հողն ու փոշին խառնեն իրարու, Երբ անգոյության խորքերում մթին Ստվերներն անձև համբուրեն իրար, Երբ հյուլեները մեր գիտակցության Բյուր նմաններից լուռ մեկուսանան, ու անգամ Տիրոջ կամքին հակառակ, կամ նրա կամոք ձուլվեն ներդաշնակ, Դու մեղու դարձած, ես՝ ծաղկափոշի, Որտեղ էլ լինենք՝ կգտնենք իրար... Քանզի հողմերը ժամանակների Մեր հողն ու փոշին խառնել էին լուռ, Հասցրել Երկինք, իսկ հետո մաղել Այն մեղվի մեջքին և ծաղկի սրտին, Որոնք ամեն կերպ կգտենեն իրար... |
Հին մատուռի մոտ
Առավոտ լուսո ... արեգակն արդար ... Քո աստվածատուր լույսերով ինձ տար': Տա'ր հեռու, հեռու գագաթը բլրի Ու բերդով պատած շեմը մատուռի: Իմ լույս առավոտ` շողոտ ու շաղոտ, Ուղեկցի'ր ճամփով անտառամիջի, Ոլոր ու մոլոր նեղլիկ կածանով Բե'ր ու հասցրու' քանդված կամրջին … Այնտեղից մոտ են պատերը մամռոտ: Եվ հոգնած ճամփից, հեռու` աշխարհից, Մանուկներ` քաղցած, բոկոտն ու փոշոտ, Զրուցում էին դեսից ու դենից: Հետո ծվատում պանիրն ու հացը Ու խոսում, խաղում, կչկչում անհոգ, Մինչև գալիս էր իրիկնահացը : Թեժ խարույկի մոտ հեքիաթն էր ծնվում, Իսկ երկինքն այնքան մոտիկ էր թվում… Իմ լույս առավոտ, ցերեկ է հիմա, Աղաչում եմ քեզ, երբ գիշերս գա, Ինձ տանես, թողնես բլրին անտառոտ, Մարդկանցից հեռու, հին մատուռի մոտ: Ես եվ Դու Ես քեզանով ամոթխած ու սանձարձակ, Դու ինձանով դիցարանի մի աստված. Երկու տարբեր և նման` ջուր ու կրակ, Մեկ խենթ սիրում, մեկ տանջվում էինք չհասկացված: Ես քեզանով և՛ պաշտպանված և՛ լքված, դու ինձանով տառապող ու երջանիկ, Տարօրինակ խաղ է, մենք՝ թույլ արարած, Կայծակ, ամպրոպ ո՞նց քշեցինք երկնքից: Ու պիտ մնաս դու ինձանով շողարձակ, Ես քեզանով՝ մաքրամաքուր հեթանոս, Իսկ կյանքն այս, խելահեղ ու համարձակ, Քեզ խաչելու ցանկությամբ իմ մշտահոս... |
Դառնամ մաճառ ու գինի
Երնեկ լինեմ կենաց ծառ ուղիներում քո բոլոր, Շվաքներս քոնն են հար, փռեմ թևերս մոլոր: Դու արևից շոգած գաս, ննջես իմ զով ստվերում, Քեզ շիվերս գրկաբաց մեղմ օրորեն իմ հոգում: Լինեմ աղբյուր վարարուն ու բխեմ քո տան կողքին, Աչքս ճամփիդ քչքչամ, ու հիշեցնեմ իմ մասին: Երբ ծարավես, գաս, թեքվես, իմ ջինջ ջրով հագենաս, Հայելուս մեջ ինձ տեսնես, սառը նիրհից արթնանաս: Լինեմ ես վազ խաղողի, հենվեմ քո տան պատերին, Դեպ քեզ ափերս պարզած, հասնեմ ես քո հարկերին: Կանաչ հագնեմ քո ծոցում, խաղողներս սեր ժպտան, Դառնամ մաճառ ու գինի, տաք շուրթերիդ համբյուր տամ: -------------------------- Ծիծաղիս մեջ լաց կա... Հրճվանքիս մեջ՝կորուստ... Դիվային խառնուրդ է Տրված ինձ ի վերուստ... Հրաժեշտում կարոտ կա, Հանդիպման՝...բաժանում, Ճախրանքիս մեջ՝անկում Ու անկման հետ՝...հառնում... Ամբողջիս մեջ՝ ...ոչինչն է... Բայց ոչինչն այդ ի՛մն է... Եղածս բոլորինն է, Թախիծս էլ ...հինն է... Ծիծաղիս մեջ լաց է, Հրճվանքումս՝ կորուստ... Ո՞վ է Կամքն իր խառնել Կյանքին իմ ...ի վերուստ... |