Ծնվել է Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում` 1938 թ. –ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա` Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինսիտուտը` պատմաբանի և հայոց լեզվի ու գրականության ուսուցչի որակավորմամբ : Աշխատել է Բյուրականի միջնակարգ դպրոցում, Երևանի լուսավորչության մեթոդ կաբինետում, հ.141 դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, երկար տարիներ վարել է տնօրենի պաշտոնը, այժմ անցել է աշխատանքային հանգստի: Հեղինակ է լեզվաբանության և գրականության վերաբերյալ մի շարք հոդվածների, մեթոդական ձեռնարկ – գրքույկների:
Բանաստեղծությունները տպագրվել են.
«Գարուն» ամսագիր - 1979թ. «Գարուն» ամսագիր - 1981թ. «Լուսաբաց» - Արտագերս,, - 1998թ. հրատարակչություն «Նոր Նորքը 40 տարեկան է» - 2007թ. «Զանգակ» հրատարակչություն «Սեր և կարոտ» - «Զանգակ» հրատարակչություն, 2008թ.
Բանաստեղծություններ
Նժդեհին Օրերիդ հարևան միջօրեականում Ծնվել եմ ես, Ծնել են ինձ` Իբրև մորթվողի տաք երազանք, Անթարգմանելի իղձ, Հրմշտոցների մեջ խեղդվող Խոսելու իրավունք, Իբրև ժամանակների մրուրն Անմռունչ ըմպող վերջին նվաստ, Իբրև ամայի մարտադաշտը վերջինը լքող Շարքային… մահապարտ: Դու գիտեիր,դու համոզված էիր, Որ ես գալու եմ, Անպայման գալու եմ, Քանզի իմ,քո գոյության կերպը գալն է, Միայն գալը, Երբ մայրամուտ է ապրում վերջին հույսը, Մնում է վերջին փամփուշտը,վերջին ճիգն, ու Մարմրելու վրա է լինում վերջին բռնկումը. Պատվախնդրության վերջին կծկումը, Երբ հողը կաթվածահար է լինում Սրտի պայթյուններից, Երբ բանականության բիրտ պարիսպները Ռետինե զսպաշապիկի նման Անբարոյականության ներկայացումներ են տալիս Միտումնավոր ընդարձակումներով, Երբ խաչից փորձում են շինել Կեռ կիսալուսիններ Եվ բռնաբարված սրբերին ներկայացնել Իբրև ինքնակամ ու ցանկասեր հարճեր: Դու համոզված էիր,որ ես կգամ, Բայց ես չեկա.չծնեցին,ես ուշացա, Եվ դու հուշարձանս դարձար Ինձնից առաջ`ես դեռ աշխարհ չեկած` Իբրև չմեկնված պատգամ, Իբրև մերժված ոգի, Իբրև սրտի կծկում, Իբրև պայթող երակ, Իբրև շանթ ու որոտ` նեռին,չարին Ու լուսեղեն աղոթք` ցեղիս համար, Իբրև լակմուսի թուղթ հայացքներում թունոտ, Իբրև արդար վրեժ,մահապարտի երդում` Վերին ատյաններում,մեր ցուրտ խրճիթներում Ու…Խուստուփում:
Մշուշներից ճառագող բորբ արևի նման Մայրությունը լույս աշխարհ եկավ քո կերպարանքով: Եվան անհարմար զգաց իր չարությունից Եվ խեղճացած կծկվեց քո գուրգուրանքի քնքուշ ծալքերում: Օրերի վտանգներով լի սահանքներում Դու ծաղկեցիր հրդեհների խաղով Եվ իմ մեջ խմորվեց քո ընթացքի պոեմը: Քո ծնունդը դարձավ բոլոր աստվածների բացասումը, Իսկ գոյությունդ` ինձ համար անվթար երթուղի, Շնչառությունդ` անապատներիս անձրևաբեր ամպեր, Իսկ քո երկնած փոքրիկ աստվածները` Իմ օրերն իմաստավորող անմահության ջահեր: Քո հայացքի տարածով եմ ես ընկալում Լույսն արևի, Նվիրումի քո ջերմությամբ գարնան կանաչ Թրթիռներնն եմ լուռ համբուրում Իմ հոգնաբեկ մկաններում. Անմիտ ապրած ու մոռացմամբ վարագուրված Վայրկյաններիս մութ խորշերում Իմ մեղքերն են լիցքաթափվում Քո ծխացող համբերության հորանջումից: Եվ տիրամոր կերպարանքը վաղուց թեև Դարձել է կուռք ու չափանիշ Խենթ խաղերով հրապուրվող ոգիների երթի համար, Իմ հուշերում խամրել է նա Ու դարձել է վտարանդի Անթագակիր իմ տերության սահմաններից: Ու ես սիրով ու արբեցած` Հանց մոլեռանդ հավատացյալ` Խունկ եմ ծխում քո մահճի մոտ Ու օջախիս խորաններում, Ու քո երկնած աստվածների գլխավերև: Իսկ երբ լույսը իր վարսերով Ցրում է իմ հեքիաթները կամաց-կամաց. Ինձ տեսնում եմ լուռ հորանջող Խնկածխից գունաթափված ու դալկացած
Միացում
Ամպը կախվել է ամպից. Ամպամած օր է, Վերը երկինք է մթին, Ներքևը` ձոր է: Հ. Սահյան
Զարկերակներիս խոլ հանգույցներում Կաթվածահար է արյունս կրկին, Ուշքի են գալիս բջիջներս բյուր Եվ աղոթք ուղղում իմ Գանձասարին: Բայց խցանել են ունկերը նրա, Խաչն են գողացել իմ պատարագի, Աղվան և ազեր խառնվել իրար, Ուզում են սարքել գոյի անցագիր: Սարքում են,հղկում,գրում են,մրում` Մեր արյան համը արած օրվա հաց, Եվ սումգայիթյան գեհեն-դժողքից Մահն է քրքջում իբրև այգաբաց… Հողն է պատռվում…Ծուխ է բարձրանում, Բոց է բարձրանում բարձրահարկերի լաբիրինթոսում, Մունջ դագաղների բուրգերը խոհուն Մուտքագրվում են դարի մատյանում: Ու խառն օրերիս սահմանագծում, Երբ որ երակն է պատռվում ցավից, Կարգազանց մորն ու կարգազանց որդուն Մատ են թափ տալիս վերին ատյանից: Ու դահլիճներում փառահեղ շուքով Խրատ են կարդում այրերը վերին. -Ով է հանդգնել այս խեղճ գայլերին Զրկել Մոսկովի`իրենց նվիրած համեղ պատառից… ՈՒ բռունցքվում են նյարդերս բոլոր Հանց տառապանքի վայրի խտացում, Եվ ժամանակի բոլոր շերտերից Պատմությունն է մեզ հուշում` միացում…
***
Կոշտ ու կամակոր այս կռապաշտս, Հանդերձյալ կյանքում ոգու բոցկլտման Ու փառավորման ընդդիմախոսս, Հանդերձյալ կյանքի սին հրաշքներից Վաղուց ձանձրացած Ու տիեզերքը հողում պարփակած Հողի փշրանքս Հողմերի հղած շղարշների մեջ Ծնկաչոք եղա հանց հավատացյալ` Պարուրված ցավի խոնավ խրձերով, Որից մարմինս լուռ ընդարմացավ, Որ կարողանա մեզ այցի եկող Խենթ անմահների հոգուն ունկնդրել: ...Հեռուստացույցի շրջանակի մեջ Հրաշքով հառնեց իր կերպարանքը, Ոչ թե նկարը, այլ Սևակն ինքը` Կոշտ գանգուրներով, Բողոքի ցավից խոնավ աչքերով, Հողեղեններիս համար անսովոր, Անըմբռնելի կնճռոտ ժպիտով: Երևի այնտեղ, իրենց աշխարհում Նրանք անձայն են խոսում իրար հետ. Այդ իսկ պատճառով նա ձայն չհանեց, Անխոս հարցրեց մեր հալ ու քեֆը, Մեր նիստ ու կացը, Եղած չեղածը... Էլի ինչ-որ բան ուզեց հարցնել, Թե երբ, թե ինչու, թե հանուն ինչի... Գուցե հարցրեց` ես չհասկացա. Մի ակնթարթ էր, թողեց-հեռացավ, Մոռացավ հայտնել միայն իր մեղքը... Ու մեկ էլ հասցեն` Չցանկանալով հուշել բոլորիս, Որ ինքը արդեն փոխվել է ոգու, Ու թե երբեմն հանուն մարդկային սրբությունների Խրպոտում ենք մենք խուլ ընդվզումից, Մոռանում ենք, որ այդ մենք չենք խոսում...